Պատմամշակութային 5 (7 օր)Օր 1
Երևան – Օշական - Հառիճ - Գյումրի
Ուղևորություն դեպի Օշական: Այցելություն հայոց այբուբենի հեղինակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան եկեղեցի, որտեղ գտնվում է Մաշտոցի գերեզմանը:
Օշականից ճանապարհը շարունակվում դեպի Շիրակի մարզ: Այցելություն և էքսկուրսիա Շիրակի մարզի հոգևոր-մշակութային կենտրոն (7-19–րդ դդ.) նշանավոր վանական համալիր` Հառիճավանք: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1201թ.-ին Զաքարե և Իվանե Զաքարյան- Երկայնաբազուկների հրամանով:
Ուղևորություն իր մեծությամբ և տնտեսական հզորությամբ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի: Էքսկուրսիա Գյումրի քաղաքում` նոր բնակելի թաղամաս Անի, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձան:
Ընթրիք և գիշերակաց Գյումրիում:
Օր 2
Գյումրի – Մարմաշեն - Դենդրոպարկ - Լոռիբերդ - Ստեփանավան
Ուղևորություն և այցելություն Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանական համալիր: Նշանավոր Պահլավունի իշխական տան կրոնական-մշակութային կենտրոն (10-13-րդ դդ.) Մարմաշենի վանական համալիրի տարածքում: Համաձայն եկեղեցու հարավային պատի արձանագրության վանքը կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին 988-1029թթ.-ին։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։
Ուղևորություն դեպի Տաշիր-Ձորագետի թագավորության կենտրոն Լոռի բերդաքաղաք:
Ընթրիք և գիշերակաց Ստեփանավանում:
Օր 3
Ստեփանավան - Դսեղ - Քոբայր - Սանահին - Հաղպատ
Ուղևորություն դեպի Դսեղ գյուղ, որտեղ գտնվում է մեծանուն գրող Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:
Այցելություն Դևբեդի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա գտնվող Քոբայրի վանական համալիրը (XII-XIII դդ.): Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIII–րդ դարի 1-ին կեսին։ Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։ Վանքի գլխավոր եկեղեցին` Սուրբ Մարիամաշենը, կառուցվել է 1171 թ.-ին Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից:
Այցելություն հայոց Խոսրովանույշ թագուհու կողմից 966 թ-ին կառուցված Սանահինի վանական համալիր: Սանահինը եղել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց` հարուստ գրադարանով: XII–րդ դարի վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը: Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին:
Այցելություն հայ ճարտարապետության անգին գոհարներից Հաղպատի վանական համալիր: XIIդ. 2-րդ կեսից մինչև XIV–րդ դար Հաղպատի վանքը եղել է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվել տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը` Կայան բերդը։ XI-XIII –րդ դարերում Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Միքանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։ Ընթրիք և գիշերակաց Հաղպատում:
Օր 4
Հաղպատ – Հաղարծին – Գոշավանք – Սևան
Ճանապարհը Դիլիջան ազգային արգելավայրի տարածքով տանում է դեպի Տավուշի մարզ: Էքսկուրսիա թավուտ անտառում ծվարած Հաղարծնի վանք: Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր: Վանական համալիրի ամենահին կառույցը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.): Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հարավային մուտքի վերին մասի արձանագրության կառուցվել է 1281թ-ին:
Ուղևորություն դեպի Աղստևի հովտում գտնվող անվանի առակագիր, իրավագետ Մխիթար Գոշի կառուցած Գոշավանք: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիներից, գավիթից, զանգակատուն-գավիթից, պատկերասրահից և դպրոցից: Ճաշ:
Ուղևորություն դեպի Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհի` Սևանա լիճ: Սևանա լիճը (հնում Գեղամա ծով) հայտնի է իր էնդեմիկ համարվող իշխան ձկնատեսակով: Սևանա լճի տարածքում է գտնվում համանուն թերակղզին, որի վրա կանգնած է Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից 874թ. կառուցված եկեղեցին: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։
Ընթրիք և գիշերակաց Սևանա լճի ափին:
Օր 5
Սևան - Հայրավանք - Նորադուզ - Սելիմի քարավանատուն – Ջերմուկ
Ուղևորություն դեպի Սևանի ժայռոտ բարձունքի վրա կանգնած Հայրավանք: Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից: 1211 թ-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն գավիթը: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դարի տապանաքարեր ու խաչքարեր: Ճաշ:
Ճանապարհը շարունակվում է դեպի Նորադուզ` խաչքարերի ինքնատիպ թանգարան: Բաց երկնքի տակ կանգնած են ավելի քան 700 աննման խաչքարեր, որոնցից ամեահինը թվագրվում է 10-րդ դարի: Ճանապարհը Հայաստանի ամենաբարձր լեռնանցքով 2410 մետր տանում է դեպի Վայոց Ձոր: Սյունիքի տիրակալ հայտնի Օրբելյան տան ներկայացուցիչ Չեսարե Օրբելյանը 1332թ. Սելիմի լեռնանցքում կառուցում է քարավանատուն: Մետաքսի ճանապարհի վրա գտնվող Հայաստանում քարավանատները կատարում էին մեծ դեր` անբարենպաստ եղանակներից թաքցնելով մարդկանց:
Ընթրիք և գիշերակաց Ջերմուկում:
Օր 6
Ջերմուկ - Քարահունջ - Տաթև - Խնձորեսկ - Գորիս
Ջերմուկից Արփա գետի հոսանքով, լեռնային ոլորաններով ճանապարհը տանում է դեպի Որոտանի լեռնանցք ( 2344 մ.): Անցնելով Սյունիքի խորհրդանշական դարբասներով` իջնում ենք Սյունիքի մարզ: Սյունիքի մարզում` Սիսիան քաղաքից ոչ հեռու, զբոսաշրջիկները կարող են տեսնել բրոնզեդարյան ժամանակաշրջանի ( Ք.ա. 4-2 հազ.) նշանավոր հնավայր` Քարահունջը, մեգալիթյան շրջանի հուշարձանները և նախապատմական աստղադիտարանը: Հայաստանի ամենախորը կիրճում` (500մ) Որոտանի հովտում, զբոսաշրջիկները կտեսնեն ստալակտիդային ծագման Սատանի Կամուրջը: Ճաշ:
Անցնելով նշանավոր Հալիձորի անտառներով` ճանապարհը կտանի անդնդախոր կիրճի եզերքին կանգնած պատմական Սյունիք նահանգի ամենամեծ հոգևոր կենտրոն Տաթևի վանական համալիր: Տաթևի վանական համալիրում անվանի գիտնական Հովհան Որոտնեցու կողմից 1390թ. բացվել է համալսարան, որը գոյություն է ունեցել մինչև 15-րդ դար: Այն 18-րդ դարում աչքի է ընկել որպես թուրք-պարսկական զավթիչների դեմ ուղղված ազատագրական պայքարի կենտրոն:
Ընթրիք և գիշերակաց Գորիսում:
Օր 7
Գորիս - Նորավանք – Խոր – Վիրապ - Երևան
Ճանապարհը Վայոց Ձորի մարզով տանում է դեպի գեղատեսիլ Գնիշիկ գետի կիրճ: Այստեղ է գտնվում Օրբելյան նշանավոր իշխանական տան հոգևոր կենտրոնը` Նորավանքը (12-15դդ.), որտեղ ապրել և բեղմնավոր գործունեություն են ծավալել հայ միջնադարյան մշակույթի նշանավոր գործիչները:
Ուղևորություն Արարատյան դաշտով: Այցելություն հայ-թուրքական սահմանից քիչ հեռավորության վրա, բիբլիական Արարատ լեռան լանջին գտնվող Խոր-Վիրապ վանական համալիր: Եկեղեցուց, որտեղ 13 տարի բանտարկված է եղել Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, բացվում է հիանալի տեսարան դեպի աստվածաշնչյան Արարատ լեռը (5165մ.):
Վերադարձ Երևան:
|
Խմբի անդամների քանակը
|
2 անձի դեպքում
|
10 անձի դեպքում
|
|
Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)
|
462,500
|
200,700
|
|
Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)
Արաքս (Գյումրի)
Լոռի (Ստեփանավան),
Գայանե (Հաղպատ),
Կապուտակ Սևան (Սևան),
Վերոնա (Ջերմուկ),
Կյորես (Գորիս)
|
68,600
|
Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ
Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար
© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են Պայմանագիր |