Армянское Бюро путешествий

Туроператор по Армении. Лицензия в России — МВТ-003788

$
Պատմամշակութային 4 (5 օր)

Պատմամշակութային 4 (5 օր)

Օր 1
Երևան - ԷջմիածինԱմբերդ - ԲյուրականՀառիճ - Գյումրի

Ուղևորություն դեպի հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաք: Այցելություն Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այցելություն Սուրբ Հռիփսիմեի տաճար, 7-րդ դարի հայ ճարտարապետության գլուխգործոց` Զվարթնոց:

Ուղևորություն դեպի Արագածի լանջն ի վեր: Բյուրականից հարավ-արևմուտք, 2300 մետր բարձրության վրա է գտնվում միջնադարյան բերդաքաղաք և անառիկ ամրոց Ամբերդը: Այն գտնվում է եռանկյունաձև   հրվանդանի վրա, որի ափերը ողողում են Արխաշեան և Ամբերդ գետերը: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII-րդ դարում Կամսարականների օրոք: X-րդ դարում նշանավոր Պահլավունի իշխանական տանը պատկանող Ամբերդը եղել է Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից մեկը:

Ճանապարհին կանգառ և այցելություն Քասաղի գեղատեսիլ կիրճի եզրին կանգնած Սաղմոսավանք: Վանքի գլխավոր` Ս. Սիոն եկեղեցին կառուցել է Վաչե Վաչուտյան իշխանը 1215թ.-ին:

Բյուրականից ճանապարհը շարունակվում է դեպի Շիրակի մարզ: Այցելություն և էքսկուրսիա Շիրակի մարզի հոգևոր-մշակութային կենտրոն (7-19 –րդ դդ.) նշանավոր վանական համալիր  Հառիճավանք: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Զաքարյան- Երկայնաբազուկների հրամանով:

Ուղևորություն իր մեծությամբ և տնտեսական հզորությամբ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի: Էքսկուրսիա Գյումրի քաղաքում` նոր բնակելի թաղամաս Անի, աշխարհահռչակ շանսոնյե   Շառլ Ազնավուրի արձան:
Ընթրիք և գիշերակաց Գյումրիում:
 
Օր 2
Գյումրի - Մարմաշեն - Դենդրոպարկ - Լոռիբերդ - Ստեփանավան

Ուղևորություն և այցելություն Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանական համալիր: Նշանավոր Պահլավունի իշխական տան կրոնական-մշակութային կենտրոն (10-13 դդ.) Մարմաշենի վանական համալիրի տարածքում: Համաձայն եկեղեցու հարավային պատի արձանագրության վանքը կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին 988-1029թթ-ին։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Ուղևորություն դեպի Տաշիր-Ձորագետի թագավորության կենտրոն` Լոռի բերդաքաղաք:
Ընթրիք և գիշերակաց Ստեփանավանում:
 
Օր 3
Ստեփանավան - Դսեղ - Սանահին - Օձուն - Հաղպատ
 
Ուղևորություն դեպի Դսեղ գյուղ, որտեղ գտնվում է մեծանուն գրող Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:

Այցելություն հայոց Խոսրովանույշ թագուհու կողմից 966թ-ին կառուցված Սանահինի վանական համալիր: Սանահինը եղել է Կյուրիկյաններիվարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը։ X-XI դարերում եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց` հարուստ գրադարանով: XII–րդ դարի վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը: Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին: Այցելություն Օձունի Սուրբ Հովհաննես եկեղեցի:
Ընթրիք և գիշերակաց Հաղպատում:
 
Օր 4
Հաղպատ - Գոշավանք - Հաղարծին Սևան

Այցելություն հայ ճարտարապետության անգին գոհարներից Հաղպատի վանական համալիր: XIIդ. 2-րդ կեսից մինչև XIV-րդ դարը Հաղպատի վանքը եղել է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվել տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը` Կայան բերդը։ XI-XIII –րդ դարերում Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։
 
Ուղևորություն դեպի Աղստևի հովտում գտնվող անվանի առակագիր, իրավագետ Մխիթար Գոշի կառուցած Գոշավանք: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիներից, գավիթից, զանգակատուն-գավիթից, պատկերասրահից և դպրոցից: Ճաշ:

Ճանապարհը Դիլիջան ազգային արգելավայրի տարածքով տանում է դեպի Տաուշի մարզ: Էքսկուրսիա թավուտ անտառում ծվարած Հաղարծնի վանք: Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր: Վանական համալիրի ամենահին կառույցը` Ս. Գրիգոր եկեղեցին է (մոտ X դ.): Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հարավային մուտքի վերին մասի արձանագրության կառուցվել է 1281թ.-ին:

Ուղևորություն դեպի Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհի` Սևանա լիճ: Սևանա լիճը (հնում Գեղամա ծով) հայտնի է իր էնդեմիկ համարվող իշխան ձկնատեսակով: Սևանա լճի տարածքում է գտնվում համանուն թերակղզին, որի վրա կանգնած է Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից 874 թ.կառուցված եկեղեցին:Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։
Ընթրիք և գիշերակաց Սևանում:
 
Օր 5
Սևան - Սևանավանք - Գառնի - Գեղարդ - Երևան

Ուղևորություն դեպի Ազատ գետի աջ ափին գտնվող հայոց արքաների ամառանոց Գառնի: Ըստ XIV դ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ամրոցը կառուցվել է հավանաբար Ք.ա. II –րդ դարում: I դ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ. Եպիսկոպոսանիստ բնակավայր։ Գառնու ամրոցում է գտնվում հայ հեթանոսական դիցարանի արևի աստված Միհրին նվիրված տաճարը:

Ճանապարհը շարունակվում է դեպի Գեղարդավանք: Վանական համալիրը իր անունը ստացել է երկար ժամանակ այստեղ պահվող գեղարդի անունից: Այն գեղարդի, որը հռոմեացի զինվորը խրել էր խաչված Հիսուսի կողը: 13-րդ դարում վանական համալիրը դարձել է Պռոշյան իշխանական տարածք, ովքեր էլ կառուցել են Գեղարդին մեծ հռչակ բերած ժայռափոր տաճարները: Ճաշ: 
Վերադարձ Երևան:

Խմբի անդամների քանակը

2 անձի դեպքում

10 անձի դեպքում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)

 

316,750

 

135,200

Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)

 

Արաքս (Գյումրի),
Լոռի (Ստեփանավան),
Գայանե (Հաղպատ),
Կապուտակ Սևան (Սևան)

 

 

 

45,000


Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ

Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար

© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Պայմանագիր

Информационная поддержка

Армянское Бюро путешествий Информационная поддержка